Ի պատասխան 2 ռազմաբազաների, որ Ռուսաստանն իր համար 50 տարով ապահովեց, Վաշինգտոնն այսօր աշխատում է Սիրիայի արևելքում ու հյուսիս-արևելքում 5 բազաների շինարարության վրա և ռուսական ռազմական ներկայությանը ի պատասխան ծրագրում է երկարացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում է անգործության մեջ, երբ Իրանն ընդլայնում է իր ազդեցությունը սիրիական տարածքում, պաշտպանում է Բաշար Ասադին ռազմական ու դիվանագիտական ասպարեզում: ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին կոնֆլիկտի կարգավորման քաղաքական գործընթացը իր վերահսկողության տակ վերցնելու փորձերի մեջ: Մոսկվան մեղադրում է Վաշինգտոնին Սիրիան մասնատելու ձգտման ու ԻՊ-ի դեմ պայքարը անտեսելու մեջ` հանուն Սիրիայի վարչակարգի ու նրա դաշնակիցների թուլացման: Մոսկվան կարծում է, որ Վաշինգտոնը լուրջ ջանքեր չի գործադրում Սիրիայում հաշտության ու խաղաղության հաստատման համար: Դա նշանակում է, որ սիրիական ճգնաժամը, չնայած 2015-ի սեպտեմբերից ուժերի հավասարակշռության մեջ ռազմավարական փոփոխություններին, հեռու է ավարտից, սիրիական վերքերը դեռ շուտ չեն սպիանա: Հոռետեսների գնահատականով` սիրիացի ժողովրդի տառապանքներից ավելի վատ կարող է լինել միայն ավելի մասշտաբային կոնֆլիկտի բռնկումը խոշոր տերությունների միջև:
ՄԱԿ-ը հայտարարեց, որ վերջին ռազմական բախումները Սիրիայում ամենածանրը ու արյունահեղն էին ճգնաժամի սկզբից: Դիտորդները չեն բացառում, որ պրոկսի պատերազմը կարող է վերաճել ուղղակի կոնֆլիկտի, հատկապես 4 երկրների 4 ինքնաթիռների կործանումից հետո մեկ ամսում` ռուսական, թուրքական (ուղղաթիռ), իսրայելական, իրանական (անօդաչու):
2019-ին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգի բյուջեով 550 միլիոն դոլար է նախատեսված քրդական զինված ուժերի աջակցության համար, որ հարուցեց Անկարայի դժգոհությունը և Թուրքիայի նախագահին դրդեց ևս մեկ զայրացած հայտարություն անելու Վաշինգտոնի, ՆԱՏՕ-ի ու «քրդական ահաբեկչության» հասցեին: Սակայն Թուրքիան, որ դժվարանում է ավարտել Աֆրինի գործողությունը, չի ցանկանում հրաժարվել «Ձիթենու ճյուղից»: Աֆրինի կռիվները հեռու են ձիթենու ճյուղերի թափահարումից, եթե հաշվի առնենք, որ հումանիտար հետևանքները դուրս են եկել բոլոր հնարավոր սահմաններից ու չեն ուղեկցվել ռազմավարական որևէ առաջընթացով: Թուրքիան փակուղի է մտել Սիրիայում: Եթե նույնիսկ թուրքական ուժերն ու նրանց դաշնակիցները հաղթանակ տանեն Աֆրինում, ոչ ոք չի կարող վստահ ասել, որ իրավիճակը տարածաշրջանում կկարգավորվի և կբխի Անկարայի ու նրա դաշնակիցների շահերից, որ սիրիացի քրդերը դիմակայության նոր պատվարներ չեն գտնի ու ուժասպառող պատերազմ չեն սկսի: Գուցե նաև Դամասկոսի աջակցությամբ: Դամասկոսը, թեպետ «Աֆրինն ընդդեմ Իդլիբի» իրավիճակից իր օգուտները քաղեց, թույլ չի տա Անկարային հեշտ ու հանգիստ օկուպացնել իր տարածքի մեծ հատվածները: Պետք է հաշվի առնել, որ հավասարակշռությունը կորչում է` սիրիական բանակի ու նրա դաշնակիցների հապաղումով «օգտակար Սիրիայի» վերջին նահանգում:
Վաշինգտոնը միակը չէ, որ կարող է խաղը դնել Սիրիայի ուժասպառման վրա: Երբ խփվեց ռուսական ինքնաթիռը, խփվեց ԱՄՆ-ի արտադրության իսրայելական ինքնաթիռը և ստացվեց «ակն ընդ ական» իրավիճակ` անկախ նրանից, թե իրականում ինչ դեր է խաղացել Ռուսաստանը իսրայելական ինքնաթիռը խփելու մեջ: ՈՒժասպառ անելու խաղը կարող է օդային տարածքով չսահմանափակվել ու իջնել գետին: Ճիշտ է` Վաշինգտոնը չպատասխանեց իր խոսքով` իր ու դաշնակիցների նկատմամբ «մարտահրավերին» Դեր Զորում կոշտ հարվածով, սակայն դա առաջին ու բնավ էլ ոչ վերջին մարտահրավերն է: Գուցե Մոսկվան ու Իրանը ավելի մեծ արդյունքի հասնեն ուժասպառման խաղում, քան այն ուժերը, որոնց վրա հույս է դնում Վաշինգտոնը, հատկապես, երբ սիրիացի քրդերը հասկացան քրդական հարցում ԱՄՆ-ի աջակցության սահմանը:
Իրանը իր ներկայությունը Սիրիայում հաստատել է մնալու համար և Նեթանյահուի ու իսրայելցի գեներալների սպառնալիքները չեն կարող այդ փաստը փոխել: Եթե Իսրայելը ինչ-որ ժամանակ հույսը դնում էր Մոսկվայի վրա` Սիրիայում Թեհրանի ազդեցությունը զսպելու համար, հիմա ակնհայտ է, որ հույսը ապարդյուն էր` Ռուսաստանը Իրանի վրա այդքան ազդեցություն չունի: Մոսկվան նաև հասկանում է, որ Սիրիայից ռուսամետ ուժերի դուրսբերումից հետո իր ներկայությունը կվտանգվի: Անկասկած, Իսրայելը գիտի ինչի է ուզում հասնել Սիրիայում, սակայն իր նպատակներին հասնելու անհրաժեշտ միջոցներ չունի: Խփված F-16-ի տեսքով ապտակը կարող է դառնալ ևս մեկ գործոն, որ կբարդացնի Սիրիայում իսրայելական առաքելության իրականացումը: Կասկած չկա, որ Թել Ավիվը չի դադարեցնի պաշտպանել իր «կարմիր գծերը»:
Մի քանի տարի առաջ Սիրիան վերածվեց տարածաշրջանային ու համաշխարհային տերությունների հաշիվներ մաքրելու տարածքի: Այն, ինչ ժամանակին անվանվում էր «սիրիական հեղափոխություն», այսօր չի կարելի դիտարկել «հեղափոխություն» կամ «սիրիական» բառերի ենթատեքստում: Օրեցօր կոնֆլիկտի երկու կողմերի խաղացողները շարունակում են «ուտել» միմյանց ու ստիպված են մասնակցել ուղղակի դիմակայությանը: Սիրիական օդային տարածքում գործում են 5 արտասահմանյան բանակներ` ռուսական, ամերիկյան, իրանական, թուրքական, իսրայելական: Կրակի գիծը մշտապես տեղաշարժվում է և ուժերը հարձակվում են իրար վրա: Ի դժբախտություն սիրիացիների` Սիրիայում կռվող բոլոր խաղացողները թաքցնում են, որ իրենց բոլոր գործողությունների դրդիչը շահերն են, որ ոչ մի կապ չունեն Սիրիայի ու սիրիացիների հետ: Այդ շահերի մի մասը կապված է «Իրան-դաշնակիցներ» և «Թուրքիա-դաշնակիցներ» առանցքի միջև տարածաշրջանային կոնֆլիկտի հետ, մինչդեռ մյուսները կապված են ուժի համաշխարհային կենտրոնների դիմակայության հետ, որ ձգտում են միջազգային նոր իրավակարգ հաստատել միաբևեռության փոխարեն, որը ժառանգել են սառը պատերազմի ավարտից հետո:
Պատերազմը Սիրիայում կարող է ավարտվել երկու սցենարներից մեկով: Առաջինը` տարածաշրջանային ու միջազգային տերությունները հաջողությամբ կհաղթահարեն իրենց հակասությունները և փոխըմբռնման կգան տարածաշրջանային ու միջազգային նոր իրավակարգի վերաբերյալ: Դա բարդ խնդիր է, որի լուծումը շատ տարիներ կպահանջի, գուցե տասնամյակներ: Երկրորդ սցենարը ենթադրում է, որ իրավիճակը Սիրիայում կշարունակի վատանալ վերջին ամիսների ու շաբաթների իրադարձությունների պատճառով: Եթե կոնֆլիկտի կողմերը եզրակացնեն, որ ուղղակի առճակատման հնարավորությունը շատ ավելի բարձր է և դրա վնասները ավելի մեծ կլինեն, քան օգուտները, նրանք կարող են ընտրել խաղաղությունն ու հանգստությունը, իսկ սիրիական խնդիրը իր լուծումը կգտնի: Սակայն չնայած ուղղակի դիմակայությունից դեռ կարելի է խուսափել, պատերազմը Սիրիայում հազիվ թե շուտ ավարտվի:
Արիբ ար ՌԱՆՏԱՎԻ, Addustour, Հորդանան
Հ.Գ. Եվ ոչ մի սցենարում փաստորեն Սիրիան որոշիչ դեր չի կատարում: Ինչպե՞ս ստացվեց, որ Բաշար Ասադը դարձավ ամենաթույլ օղակը և թույլ տվեց, որ իր երկիրը ուրիշի կռվի մարտադաշտ դառնա: Թեպետ Լիբիայի ու Իրաքի համեմատ Ասադի բախտը պարզապես բերել է, համենայն դեպս նրա ճակատագիրը չես համեմատի Սադամ Հուսեյնի ու Մուամար Քադաֆիի ճակատագրի հետ: Ոչ էլ Հոսնի Մուբարաքի, թեպետ Եգիպտոսը «Մուսուլման եղբայրներից» հետո անհամեմատ լավ վիճակում է Սիրիայից: ԻՊ-ը խաղաց իր պատմական դերը ու ասպարեզից աստիճանաբար հեռանում է` պատերազմի դաշտը թողնելով բուն կռվողներին, որ ամենևին էլ միայն թվարկվածները չեն: Սիրիայում իրենց շահերն են հետապնդում և Հորդանանը, և Սաուդյան Արաբիան, և Կատարը, և Լիբանանը, արաբական համարյա բոլոր երկրները, որ ունեն զենք ու փող և ուզում են ունենալ ավելին:
Կվերջանա՞ երբևէ Սիրիայի պատերազմը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ